ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ՊՈՊՈՒԼՈՒՍՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԼԻԴԵՐ Է

«ՊՈՊՈՒԼՈՒՍՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԼԻԴԵՐ Է
26.11.2010 | 00:00

Այդ միայն առաջին հայացքից է թվում, թե «Պոպուլուս» բրիտանական ընկերությունը սոցհարցումն արել է վասն Սերժ Սարգսյանի` նրան տալով 28 տոկոս «ձայն»:
Իրականում սոցհարցումը մեսիջ էր Աստանայի գագաթնաժողովից առաջ միջազգային հանրությանը, որով ամբողջացվելու էր ղարաբաղյան աննախադեպ զորավարժություններին հետևած լիսաբոնյան դեմարշի շրջանակը:
Սակայն` ամեն բան հերթով:
Սկսենք «պոպուլյարից»` ներքին օգտագործման մեսիջներից: Էս գլխից հավաստելով` հարցումները, այո, իշխանական տեսլականն ու ինֆորմացիան էին ներքին, առավելաբար` արտաքին հարցերին առնչվող, որոնցից կարելի էր շատ ավելին քաղել, քան ցանկացած այլ ինֆորմացիայից:
Շատ գրվեց ու ասվեց, թե ինչու Սերժ Սարգսյանին` 28 տոկոս (ինչ էլ քի՞չ է): Անկախ տոկոսներից, հարցումն արձանագրում էր, որ Սերժ Սարգսյանը միանձնյա լիդեր է: Ընդունում, թե չեն ընդունում նրա օպոնենտներն այս հանգամանքը, բոլոր դեպքերում, այն մասամբ իրողություն է: Գոնե միջազգային խաղացողների, հատկապես ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար: Եվ ոչ միայն այն պատճառով, որ (դարձյալ ուզում, թե չեն ուզում ընդդիմախոսները) Սերժ Սարգսյանը կանխատեսելի-հավասարակշռված խաղացող է, ի տարբերություն տարածաշրջանային մյուս լիդերների` Սաակաշվիլու և Ալիև-պուճուրի, այլև որ նույն ուժային կենտրոնները չունեն նաև հարցի պատասխանը. եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ: Նրանք, անշուշտ, ֆավորիտների փնտրտուքի մեջ են, որն առայժմ որևէ էական արդյունք չի տվել, ու որքան էլ թվա, որ «Պոպուլուսի» հարցումն ու դրա արդյունքները խիստ միագիծ են, բոլոր դեպքերում, դրանք որոշակի իրողություններ արձանագրում են:
Քննարկման առանձին խնդիր է ԲՀԿ առաջնորդի և ԲՀԿ-ի վարքականոնի տոկոսային հարաբերակցության հարցը, մի դեպքում Սերժ Սարգսյանի, մյուս դեպքում` ՀՀԿ-ի համեմատությամբ: Հիշենք, Գագիկ Ծառուկյանն ունի 10, ԲՀԿ-ն` 26 (համարյա` 50+1), ՀՀԿ-ն` 21 տոկոս «հարցվող»:
Շատերն են այսօր իրենց «գլուխները պատով տալիս, փորձում ղեկավարել իրենց կնոջը» (մեջբերումը Գագիկ Ծառուկյանից է)` հասկանալու, բայց խի՞, եթե հարցումը ոտքից գլուխ իշխանական տեսլականին է համընկնում: Ինչպե՞ս կարող էր նման բան լինել:
Դե, որ հարցնում եք, մենք էլ պատասխանում ենք. որքան էլ թվում է, որքան էլ ընդդիմախոսները պնդում են, որ սույն սոցհարցումը խիստ պրիմիտիվ է արտացոլել իշխանական ցանկությունների նիշը, այնքան էլ այդպես չէ այն պարզ պատճառով, որ տողատակային հանգույցները բավականին նրբորեն են կառուցված:
Այսպիսով, Գագիկ Ծառուկյանը երկրորդ հորիզոնականում է նախագահական «այս կիրակնօրյա» ընտրություններում (բարև ձեզ, պարոն Ծառուկյան, այդպես էլ հրաժարվեցիք մեր թերթին «կիրակնօրյա, նախագահական-գեոպոլիտիկ» և` ոչ միայն, հարցազրույց տալ):
Ինքնին պարզ է, թե այդ ֆոնին որքան լավ է «նայվում» Սերժ Սարգսյանը ղարաբաղյան «ֆրոնտում»` վերջերս յուր չհագած կամուֆլյաժով, գեոքաղաքական մանևրով և մնացած «հմայքներով»: Չթվենք: Եվ հետո, նույն Սերժ Սարգսյանի ցուցիչները 2 (երկո՜ւ) անգամ ավելի են երկրորդ տեղում հայտնված հավակնորդի «ձայներից»:
Երրորդ. «դիտարկումն» արդեն աբսուրդային է` Գագիկ Ծառուկյանն ունի 10, իսկ նրա ԲՀԿ-ն` 26 տոկոս (համարյա Սերժ Սարգսյանի չափ) ձայն, և դա այն դեպքում, երբ ԲՀԿ-ն համարվում է մեկ անձի` Ծառուկյանի կուսակցություն:
Ինչու է այդպես` ներքևում կանդրադառնանք, սակայն մեկ կարևոր հանգամանք ևս «մոնիթորինգենք» ու անցնենք առաջ: Ծառուկյանի կիրակնօրյա նախագահական հայտնությունը, պարոնայք, ավելին է, քան Ռոբերտ Քոչարյանինը: 2 (երկո՜ւ) անգամ:
Եվ վերջապես. եթե այդ ամենով հանդերձ, Գագիկ Ծառուկյանը մեկ էլ ու որոշի, որ նախագահական ընտրություններից հետո կոալիցիա է կազմում «նվազ» ՀՀԿ-ի հետ, իր «ողջը» տանելով ու դնելով Սերժ Ազատի Սարգսյանի տա՞կ: Մտածելու բան է, չէ՞: Բոլոր դեպքերում, այդ հարցումներով նա դարձավ երկրում երկրորդը, երբ «երկրորդ» ասելով նկատառվում է Քոչարյանը: Մյուս կողմից էլ` Գագիկ Ծառուկյանի հզոր տոկոսները լուրջ հարթակ են ընդդիմության, այն է` բողոքավոր կրիտիկական մասսային ՀԱԿ-ի «տակից» հանելու, ԲՀԿ-ի «ներքո» դնելու համար: Փաստորեն, Գագիկ Ծառուկյան-կիրակնօրյա նախագահ չէ, այլ իսկական բուֆեր է։ Բո՜ւ-ֆե՛ր:
Անցանք առաջ:
Եվ ուրեմն, և այո, Քոչարյան Ռոբերտ Սեդրակովիչն ունի 5 տոկոս ձայն: Եթե մեզ հարցնելու լինեին, մենք կասեինք` բրիտանական ընկերությունն այս դեպքում շա՜տ-շատ է գրել: Բայց որ չեն հարցնում, չենք ասում: Քոչարյանն այդքան չէր կարող «ունենալ» այն պարզ պատճառով, որ նրա հիմնական ռեսուրսը «չինովնիչիան» է, որն էլ արդեն հասկացել է, որ Սերժ Սարգսյանը միանձնյա լիդեր է (տե՛ս բրիտանական «Պոպուլուս» ընկերության հարցումները, իսկ «Ահաբեկ» Ադիբեկյանի թվերից դեռ կհասցնենք ահաբեկվել), և հանդարտորեն, իր բնազդին հլու սահում է դեպ Սերժ Սարգսյանի «տակ»:
Քոչարյանի հաջորդական լուրջ ռեսուրսը ԲՀԿ-ն է, որը, ինչպես տեսանք, «առանձին գնացող» լիդեր ունի, ընդ որում` Քոչարյանի տոկոսներից բարձր տոկոսներով:
Քոչարյանի «մույս» ռեսուրսը Օսկանյանն է, էն էլ «հրեն, հա՛, երկնքից կախված»: Ասել է` չկա, չի երևում, չի «գմում», չի «դմում». ո՞ւր է տեսնես (օրվա վերջում հայտնվեց):
Այնպես որ, այս մասով ևս ենթատեքստը լիովին հասկանալի է:
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին ու ՀԱԿ-ին, ապա «Պոպուլուսը» «դաղալություն» է արել: Հենց միայն իշխանական պալատներում շատ լավ գիտեն, որ ՀԱԿ-ը գոնե այս պահին 10-15 տոկոս ձայն ունի: ՈՒ Տեր-Պետոսյանին գոնե 7 տոկոս պետք է «գրեին», որ դա էլ համապատասխաներ իրականությանը: Չնայած, եթե ՀԱԿ-ում ամեն բան շարունակի ընթանալ այնպես, ինչպես հիմա է, «Պոպուլուսի» «պրոգնոզը» գուցե իսկապես էլ իրականություն դառնա:
Ի դեպ, սույն ընկերության սոցհարցումն ունի նաև ուրույն հմայքներ: Այնտեղ Տիգրան Սարգսյանի համար գրանցված է 1 (մե՜կ) տոկոս` չնայած այն հանգամանքին, որ «եղբայր եմք մեք» կարգախոսն է շրջանառվում:
Բայց հարցման գերագույն հմայքն այն է (դե ո՜չ, ո՛չ Քոչարյանի 5 տոկոսը), որ այնտեղ ընդհանրապես արտացոլված չէ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Կարո՞ղ ենք եզրակացնել, որ 21-տոկոսանոց ՀՀԿ-ում երկրորդ մարդը Սերժ Սարգսյանից հետո, փաստորեն, Տիգրան Սարգսյանն է: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հենց այդ պատճառով էլ նա կգլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը: Ով` ինչպես:
Հիմա ամենակարևորի մասին: Եվ այնուհանդերձ, ինչո՞ւ ՀՀԿ-ին 21 տոկոս, իսկ ԲՀԿ-ին` 26: Շատ պարզ: Դա ասում է, որ ՀՀԿ-ն պետք է մաքրվի, որ «դիմանա» ԲՀԿ-ի մրցակցությանը: Գաղտնիք չէ, որ այսօր թե՛ ՀԱԿ-ում, թե՛ ԲՀԿ-ում, և առանձնապես ՀՀԿ-ում ցուցակացավ է տիրում, բոլորն ուզում են ցուցակում տեղ ունենալ, բայց այն «բեզռազմեր» չէ: Ահա և հարցման այդ տոկոսայնությունն էլ հնարավորություն կտա մաքրելու ՀՀԿ ցուցակը` մրցակցությանը դիմանալու համար: Հաշվի առեք` ոչ միայն հարցման տոկոսայնությունը, այլև անտոկոսայնությունը. ՀՀԿ-ին ձայն չի տա հարցվողների 10, իսկ ԲՀԿ-ին` ընդամենը 3 տոկոսը:
Մի նուրբ հանգամանք էլ. ասել ենք` մոդեռնացվող աշխարհն այլևս նախընտրում է երիտասարդ արյուն, ջահել լիդերներ, որոնք նորովի են ընկալում ապագա աշխարհի տեսլականը: Օբաման և Մեդվեդևն այդ նոր լիդերներն են: Ասել ենք նաև, որ Սերժ Սարգսյանը, որը, հին «շկոլայի» ներկայացուցիչ է, կարողացավ խիստ սահուն, եթե ոչ սրտի` ներքին, ապա գիտակցականի ու մոտեցումների մակարդակում շատ արագ որսալ այդ մենթալ պլանը և հնարավորինս հարմարավետ տեղավորվել այդ խաղի ծիրում` դառնալով աշխարհի համար ընդունելի (ուզում, թե չենք ուզում): Եվ ուրեմն. «էրեկ իրիկուն էս կողքի սնից կախ էին տված երեք հրացան»: Էլի: Ասել է` նախորդ օրը նույն Մեդվեդևն իր բլոգում ասաց` «Եդինայա Ռոսիան» լճացման «աղբյուր» է, ու պետք է ճկուն քաղաքականություն վարել կուսակցությունների հարցում, թարմացնել դրանք:
Ահա և վերոհիշյալ բրիտանական սոցհարցումները գալիս են ասելու, որ ՀՀԿ-ն ևս ճկունացվելու, ջահելացվելու (ՀՀԿ ծերակույտը թող իր դարդը լացի) ժամեր է ապրելու: Չնայած նաև կարծում ենք, որ միակ պատճառը սա չէ: Պատճառներից է անհրաժեշտ բալաստից ազատվելու հրամայականը: Իսկ որ ամենակարևորն է` ՀՀԿ-ն վերջին շրջանում դարձել է ներիշխանական ինտրիգների, խաղերի շատ բարդ թատերաբեմ, որը հաստատապես Սերժ Սարգսյանը թույլ չի տա շարունակել, և քանի որ նա կոշտ մեթոդների կողմնակից չէ, կնախընտրի փափուկ մաքրման գործընթացը:
Ի դեպ, լավ կաներ Սերժ Սարգսյանը Մեդվեդևից «վերցներ» նաև ընդդիմության նկատմամբ սուրկովյան «փափուկ» մեթոդոլոգիան և մեր ընդդիմության նկատմամբ առավել հանդուրժող լիներ: Ճիշտ է, քայլեր արվում են, ասենք, քաղբանտարկյալների ազատ արձակման մասով, ինչն անչափ ուշացած է, սակայն դրանք երբեք ու երբեք բավարար չեն հանրության սպասումների և տիրող մթնոլորտի առումով:
Հասանք հարցման բուն նշանակետին: Այն սկսելուց առաջ հաշվի առնենք այն հանգամանքը, որ բրիտանական ընկերությունը հարցումներ է անցկացրել նաև Ղարաբաղում: Այո, Աստանայի գագաթնաժողովից ժամեր առաջ` «ՊՉՈ Չ ՏՊվՏՎ» կոնֆիգուրացիայով:
Այսպիսով, ի՞նչ է ասում Հայաստանը բրիտանացիների միջոցով այն միջազգային հանրությանը, որը ցանկանում է Աստանայում ինչ-ինչ հիբրիդացիա կիրառել ու համաձայնագիր ստանալ: Ասում է` անգամ խաղաղության պայմանագրի դիմաց Հայաստանը դեմ է տարածքները հանձնելուն: Դե, եթե Հայաստանը դեմ է, բա Ղարաբա՞ղն ինչքան դեմ է, ասում ու արձանագրում են սա «պոպուլուսցիք»: Չմոռանանք հայաստանյան պահանջներից կարևորը. քանի Ղարաբաղը բանակցային կողմ չէ, որևէ համաձայնության մասին խոսք լինել չի կարող:
«Պոպուլուսն» ասում է` Հայաստանում և Ղարաբաղում դժգոհ են Մինսկի խմբի գործունեությունից (բա հո Սերժ Սարգսյա՞նը չէր ասելու սա): ՈՒրեմն միջազգային հանրությունը պետք է հասկանա. Ադրբեջանը թող հաթաթա չտա, որ Աստանայում համաձայնագիր չստորագրվելու դեպքում ինքը դուրս կգա բանակցային գործընթացից. հայկական կողմը ևս չի այրվում Մինսկի խմբի հետ բանակցելու կարոտից:
Բայց եթե Մինսկի խումբը ցանկանում է խաղաղապահներ տեղակայել Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի դիմաց, խնդրեմ, դեմ չենք, ասում են բրիտանացիք մեր «հաշվով»: Խաղաղապահների տեղակայման համաձայնությունը, եկեք խոստովանենք, Հայաստանի` Սերժ Սարգսյանի ժեստն է, ուղղված միջազգային հանրությանը, հատկապես Մեդվեդև-ՆԱՏՕ տանդեմին. իմա` եթե համաձայնել եք մանդատի ինչ-որ թվի ու համամասնության, խնդրեմ, դեմ չենք:
Բայց Հայաստանը բրիտանացիների միջոցով ասում է նաև, որ հատկապես սիրում և փարվում է Ռուսաստանի «օրհնված ոտքին»` հարցվածների 80 տոկոսի չափով: Սա էլ մեր պատասխանն է ոչ թե Չեմբեռլենին, այլ մայր Ռուսաստանին:
Զի նա ևս Աստանայից առաջ աչքի է ընկնում խորընկալ ժեստերով. այս օրերին Ռուսաստանը տարբեր հարթակներից տարփողում է` չի բացառվում, որ ճանաչի Ղարաբաղի անկախությունը (Ռեշետնիկովն էր մինչ այդ ասում, օրերս նրան միացան այլք, զորօրինակ` Սկակովը):
Աչքներս տեսնի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ